Հայ-ադրբեջանական երկխոսություն նոր մեդիայի միջոցով

Image

Նախագծի նպատակն է նոր մեդիայի և սոցիալական ցանցերի միջոցով Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդների միջև երկխոսության և համագործակցության խթանումը: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) և Միացյալ Թագավորության Արտաքին գործերի նախարարության (FCO) կողմից` Հայաստանում և Ադրբեջանում բրիտանական դեսպանատների միջոցով:

Ընթացիկ նախագիծը մշակվել է նախորդ ծրագրերի ձեռքբերումների և դասերի հիման վրա: ԵՀՀ-ն FCO-ի ֆինանսավորմամբ արդեն իրականացրել է երկու ծրագրեր` ուղղված Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ճշգրիտ ու անկողմնակալ տեղեկատվության աճին: Դրանք են`Անաչառ լուսաբանումը էլեկտրոնային մեդիայում Հայաստանում և Ադրբեջանում» և «Հայ-ադրբեջանական հարաբերությունների անաչառ լուսաբանումը մեդիայում» ծրագրերը:

Աջակցություն երիտասարդ հանրային լրագրողներին

Image

Ծրագրի շրջանակներում 40 երիտասարդներ` գլխավորապես Հայաստանի մարզերից, մասնակցեցին երկու եռօրյա սոցիալական մեդիայի և լրագրության աշխատաժողովների, որոնք կայացան 2011թ. օգոստոսի 10-13-ին Ծաղկաձորում և 2011թ. օգոստոսի 26-28-ին Երևանում: Աշխատաժողովները վարեցին նոր մեդիայի` բարձր որակավորում ունեցող մասնագետներ Արթուր Պապյանը (Ազատ Եվրոպա ռադիոկայան) և Գեղամ Վարդանյանը (Ինտերնյուս): Քննական մտածողություն և ստեղծագործական տեքստերի մշակման վերաբերյալ դասընթաց անցկացրեց ԵՀՀ հայաստանյան գրասենյակի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը: Ի հավելումն հերթական նիստերի, որոնք տևում էին ժամը 10-18-ը, երեկոյան տեղի էին ունենում «հարց-պատասխան» ձևաչափով հանդիպումներ բոլոր հետաքրքրվող մասնակիցների համար:

Աշխատաժողովների արդյունքում մասնակիցները նշանակալիորեն բարելավեցին ոչ միայն իրենց տեխնիկական հմտությունները, այլև տեքստերի քննական գնահատման կարողությունները: Աշխատաժողովների ավարտին Ֆեյսբուքում մի խումբ ստեղծվեց մասնակիցների միջև կապի պահպանման, ծրագրերի գաղափարների քննարկման և հարցուպատասխանի համար:

Աշխատաժողովների ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին մի շարք միջսահմանային խնդիրներ և առցանց համագործակցության մոդելներ: Մասնակիցներին ներկայացվեցին այն մուլտֆիլմներն ու բլոգերը, որոնք ստեղծվել էին FCO-ի օժանդակությամբ 2010թ. կայացած էլեկտրոնային մեդիայի վերաբերյալ ծրագրի շրջանակներում: Ցուցադրվեց և քննարկվեց նաև www.war փաստագրական ֆիլմը, որը նկարահանվել էր Ինտերնյուս Հայաստանի և Ադրբեջանի կողմից, նույն ծրագրի շրջանակներում: Ֆիլմը պատմում է հայերի և ադրբեջանցիների միջև ինտերնետային «պատերազմների» մասին և բավականին հզոր միջոց է` քննարկելու առցանց պատերազմների և «խաղաղասիրական լրագրության» բարդ խնդիրները:

Արթուրը և նոր մեդիան
Արթուրը և նոր մեդիան
Ինտերնետ թե՞ թերթ
Ինտերնետ թե՞ թերթ
Սերտիֆիկատների հանձնում
Սերտիֆիկատների հանձնում
Մինչ հանդիպում
Մինչ հանդիպում

Հայ և ադրբեջանցի երիտասարդների միջև կամուրջների կառուցում

Դասընթացների ավարտին բոլոր մասնակիցներին առաջարկվեց հայ-ադրբեջանական համատեղ առցանց ծրագրերի նախագծեր ներկայացնել ԵՀՀ-ին: 2011թ. սեպտեմբերի վերջի դրությամբ ստացվեցին համագործակցության ծրագրերի 21 նախագծեր: Դասընթացը վարողների և դոնորների հետ քննարկումից հետո ընտրվեցին 13 նախագծեր, և 15 երիտասարդներ հրավիրվեցին մասնակցելու Թբիլիսիում կայանալիք տարածաշրջանային հանդիպմանը:

Առաջին հայ-ադրբեջանական հանդիպումը տեղի ունեցավ Թբիլիսիում հոկտեմբերի սկզբներին: Հանդիպմանը ներկա էին հայ և ադրբեջանցի երիտասարդներ, որոնք մասնակցել էին դասընթացներին և նախագծեր էին ներկայացրել ԵՀՀ հայաստանյան և ադրբեջանական գրասենյակներին: Միջոցառման նպատակն էր երիտասարդներին ծանոթացնել միմյանց հետ և նպաստավոր միջավայր ստեղծել համագործակցության համար: Հանդիպման ընթացքում նախագծերի հեղինակները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց գաղափարները և գործընկերներ գտնել հարևան երկրում: Արդյունքում` հոկտեմբերի վերջին մշակվեցին և ԵՀՀ-ի գնահատմանը հանձնվեցին 10 համատեղ ծրագրեր:

ԵՀՀ-ի Երևանի և Բաքվի գրասենյակներում հիմնված ընտրական հանձնաժողովները գնահատեցին նախագծերը և որոշեցին փոքր դրամաշնորհներ (մինչև 2 հազար դոլար յուրաքանչյուր ծրագրին) հատկացնել 10 նախագծերից 8-ին: Ծրագրերն ավարտուն տեսքի բերելու համար մասնակիցներին հնարավորություն տրվեց կրկին հանդիպել Թբիլիսիում և մեկ անգամ ևս դեմառդեմ քննարկել նախագծերի մանրամասները, բյուջեները և ժամկետները: Այս նպատակով 2011թ. նոյեմբերի 13-15-ը Թբիլիսիում կազմակերպվեց երկրորդ հանդիպումը: Այս միջոցառմանը մասնակցեցին նաև ԵՀՀ նախորդ հայ-ադրբեջանական ծրագրերի մասնակիցները, որոնք կիսվեցին համատեղ ծրագրերի իրականացման, ձեռքբերումների ու դժվարությունների իրենց փորձով:

Փոքր համատեղ ծրագրեր

Ստորև ներկայացված են հաստատված ծրագրերը: Դրանք բոլորը նախատեսված է ավարտվել մինչև 2012թ. մարտի 15-ը:
1.«Օկուլի Պոպուլի» համատեղ ֆոտոփոխանակման կայք
2.Վիրտուալ երգչախումբ
3.Համատեղ ֆլեշ-մոբ
4.Համատեղ կայք ժամանակակից հայկական և ադրբեջանական գրականության վերաբերյալ
5.Հայ-ադրբեջանական կոմֆերանս Ֆեյսբուքում
6.Համատեղ փաստագրական ֆիլմ
7.Համատեղ անիմացիոն ֆիլմ
8.Համատեղ սոցիալական գովազդներ երեխաների իրավունքների վերաբերյալ

Ծրագրերի վերաբերյալ նորությունները կհրապարակվեն:

Թոք-շոուներ Երկիր-մեդիա հեռուստաընկերությամբ

ԵՀՀ-ի «Հոդված 27. Խոսքի ազատություն» թոք-շոուի շրջանակներում Երկիր-մեդիա հեռուստաընկերությամբ կհեռարձակվեն 5 թոք-շոուներ հայ-ադրբեջանական հարաբերությունների բազմաթիվ կողմերի վերաբերյալ: Երկիր-մեդիայով հեռարձակվող ԵՀՀ-ի թոք-շոուների հեռուստալսարանը միջինում 3000 մարդ է` յուրաքանչյուր հաղորդման համար:

Share |