«ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ» ԾՐԱԳԻՐ

Ծրագրի նպատակն է Հայաստանում առավել հասանելի դարձնել անկողմնակալ և բազմակողմանի լրատվությունը` ավանդական և այլընտրանքային միջոցներով, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։

Ծրագիրը համատեղ իրականացնում են Ինտերնյուս Նեթուորքը (ԱՄՆ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը և մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն: Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը: 2010 թվականի նոյեմբերին մեկնարկած այս քառամյա ծրագիրը ակնկալում է նպաստել բազմաբնույթ ու բազմակողմանի լրատվության տարածմանը, զարգացնել լրատվության այլընտրանքային ռեսուրսները` նպաստելով նոր տեխնոլոգիաների ու նոր լրատվական պլատֆորմների ստեղծմանը:

Հայաստանում լրատվության այլընտրանքային ռեսուրսների հարցերին նվիրված խորհրդակցություն

2010 թ. դեկտեմբերին ԵՀՀ-ն Ծաղկաձորում կազմակերպեց քառօրյա խորհրդակցություն` նվիրված Հայաստանում լրատվության այլընտրանքային ռեսուրսներին: Խորհրդակցության մեթոդաբանությունը հիմնված էր ստեղծագործական խաղի տեխնիկայի վրա: Ստեղծագործական խաղն անվանում են նաև համակարգված մտագործունեության վարժություն: Խաղի նպատակն է մասնագետների և ոչ մասնագետների համատեղ մտագործունեության արդյունքում մշակել նորարար տեսլականներ և թարմ լուծումներ` արդյունքում նախագծելով կիրառելի ծրագրեր: ԵՀՀ կազմակերպած խաղին մասնակցում էր հասարակական և միջազգային կազմակերպությունների, գործարար հատվածի և ԶԼՄ-ների ավելի քան 50 ներկայացուցիչ: Խաղի ընթացքում մասնակիցները քննարկեցին, թե ինչպիսի մշակութային միջավայրում են գործում մեր ԶԼՄ-ները, թե որն է ժամանակակից մեդիա սպառողի կողմից պահանջված բովանդակությունը, որոնք են ժամանակակից թվային աշխարհի առջև կանգնած մարտահրավերները և բազմաթիվ այլ հարցեր: 2011 թ. փետրվարին խորհրդակցության արդյունքների վերաբերյալ ամփոփիչ զեկույցը ներկայացվեց մասնակիցներին և լայն հանրությանը: Ըստ զեկույցի՝ խաղի ընթացքում երևան եկան հայաստանյան լրատվական դաշտի հետ կապված մի շարք խնդիրներ. լրատվամիջոցների բացարձակապես անբավարար մակարդակ, լրատվությունը սպառողի հասունության ավելի բարձր մակարդակ ու հետաքրքրությունների ավելի լայն շրջանակ՝ ի համեմատ ստեղծողի, ինֆորմացիոն հոսքի և ինֆորմացիոն խողովակների անհամապատասխանություն, լրատվության որակի, բովանդակության և հասցեականության հետ կապված լուրջ խնդիրներ և այլն: Զեկույցի այլ եզրահանգումներին և «չորրորդ իշխանության» դերի բարձրացման և ազդեցության ընդլայնման անհրաժեշտությանն ուղղված առաջարկներին կարող եք ծանոթանալ զեկույցի անգլերեն համառոտ տարբերակում :

«Նոր բովանդակություն նոր տեխնոլոգիաների միջոցով». դրամաշնորհային ծրագրերի բաց մրցույթ

2010 թ. հոկտեմբերին «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում հայտարարվեց դրամաշնորհային ծրագրերի բաց մրցույթ` «Նոր բովանդակություն նոր տեխնոլոգիաների միջոցով» թեմայով: Մրցույթի նպատակն էր նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծել հենք՝ այլընտրանքային մեդիայի և ինֆորմացիայի տարածման նոր ձևերի զարգացման համար: Մրցույթին մասնակցելու համար կարող էին դիմել ոչ միայն ավանդական լրատվամիջոցները, այլև ՀԿ-ները, պրոդյուսերական ընկերությունները և անհատները:
Մրցույթի շրջանակներում պատրաստված նյութերը պետք է անդրադառնային սոցիալական, քաղաքական, տնտեսական և մշակութային կարևորագույն զարգացումներին: Մրցույթն իրականացվում էր հետևյալ երեք զուգահեռ ուղղություններով.


Մրցույթի առաջին փուլում ԵՀՀ գրասենյակ էր ներկայացվել 82 հայտ: Ներկայացված հայտերն ուսումնասիրվեցին մասնագիտական հանձնաժողովի կողմից` ԵՀՀ և ԱՄՆ ՄԶԳ ընթացակարգերի համաձայն: Մրցույթի նպատակին և պայմաններին համապատասխանող հայտեր ներկայացրած 36 կազմակերպությունների առաջարկվեց պատրաստել հայցադիմումի ընդլայնված փաթեթ` երկրորդ փուլին մասնակցելու համար: Երկրորդ փուլի արդյունքում մասնագիտական հանձնաժողովը հաղթող ճանաչեց 33 հայտատուներից 14-ին, որոնց էլ տրամադրվեց դրամաշնորհային աջակցություն: 2012 թվականի հունվար ամսին դրամաշնորհ ստացած 14 կազմակերպությունները ԵՀՀ գրասենյակում ներկայացրեցին իրենց իրականացրած նախագծերի արդյունքները: Արդյունքների մասին համառոտ՝ այստեղ:

Մեդիա հետազոտության բաղադրիչ

ԵՀՀ-ի Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնները (ՀՌԿԿ) 2011 թվականի ընթացքում իրականացրեցին ներկայացուցչական հետազոտություն Հայաստանի բոլոր վարչական շրջաններում: Հետազոտությունը նպատակ ուներ բացահայտել հայաստանյան հասարակության նախընտրությունները լրատվամիջոցների հարցում, նրանց ակնկալիքները լրատվամիջոցների բովանդակության, ձևաչափի և այլ հարցերի վերաբերյալ, լրատվամիջոցների ազատության և լրատվամիջոցներում գրաքննության նրանց ընկալումը և լրատվամիջոցների նկատմամբ նրանց վստահության աստիճանը:
Հետազոտությունը բաղկացած էր քանակական և որակական մասերից: Քանակական` ընտրանքային հետազոտությունն իրականացվել է հանրապետության բոլոր մարզերի 1400 տնային տնտեսություններում, 90 հարց պարունակող հարցաթերթով, դեմ-առ- դեմ հարցազրույցների միջոցով: Հարցաթերթն ընդգրկել է հետևյալ բաժինները` լրատվամիջոցների հարցում գոյություն ունեցող սովորույթներն ու դրանց նկատմամբ վերաբերմունքը, հեռուստատեսություն և ռադիո, թերթեր, այլընտրանքային լրատվամիջոցներ և ժողովրդագրական տվյալներ: Քանակական հետազոտության տվյալները լրացվեցին ֆոկուս խմբերի քննարկումների և խորացված հարցազրույցների արդյունքում ստացված որակական տվյալներով: Ութ ֆոկուս խմբերի քննարկման թեմաներ են հանդիսացել բլոգները, համացանցի օգտագործումը, հայկական սերիալները, ժամանցային հաղորդումները, տեղեկատվական/լրատվական հաղորդումները և գովազդը: Ի լրումն, երեսուներեք խորացված հարցազրույցներ են անցկացվել փորձագետների և լրատվամիջոցների ոլորտի գիտակների` լրատվամիջոցների տնօրենների, լրագրողների, խմբագիրների և բլոգերների հետ: Հարցման մանրամասներին կարելի է ծանոթանալ ՀՌԿԿ կայքում:

Հեռուստահաղորդավարների և հանրային քննարկումների վարողերի դասընթաց

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Ինտերնյուս» ՀԿ-ի հետ համատեղ, «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում 2011 թվականի հոկտեմբերի 25-30-ը կազմակերպեց հեռուստահաղորդավարների և հանրային քննարկումների վարողերի դասընթաց:

Վեցօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները գործնական պարապմունքների արդյունքում ծանոթացան հեռուստածրագրեր և բանավեճեր վարելու հիմունքներին, էկրանային իմիջի մշակման սկզբունքներին, վարեցին փորձնական հաղորդում ստուդիայում:
Դասընթացը վարելու նպատակով ԵՀՀ-ն հրավիրեց լավագույն մեդիա ուսուցանողներին Ռուսաստանից և Հայաստանից: Կոնկրետ այս դասընթացի ղեկավարը Նինա Զվերևան էր, իսկ վերջին երեք օրերին նրան միացավ Սվետլանա Սորոկինան: Հայաստանցի ուսուցանողներն էին Արմեն Սարգսյանը (լրագրող և հաղորդավար), Լևոն Քալանթարը (կինոռեժիսոր), Հակոբ Հովհաննիսյանը (օպերատոր) և Լևոն Գալստյանը (բանասեր, թարգմանիչ, հեռուստախմբագիր):
Հայաստանյան թոք-շոուների հյուրերի և վարողների հարաբերությունների առանձնահատկությունների վերաբերյալ վարպետության դասեր անցկացրեցին թոք-շոուի վարողներ Արթուր Բախտամյանը («Հ1» հանրային հեռուստաընկերություն) և Պետրոս Ղազարյանը («Կենտրոն» հեռուստաընկերություն): Դասընթացի մասնակիցների քննարկմանը ներկայացվեցին համապատասխան տեսանյութերը:
Լուսանկարների համար կարող եք այցելել «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի flickr-ի էջը:

Share |