«Հոդված 27. Արտահայտման ազատության իրավունք» հաղորդաշար

Կարևոր թեմաներ, ընդունակ մարդիկ, հարգալից երկխոսություն հանուն փոփոխության

Հեռուստադիտողի արձագանքը «Հոդված 27»-ի 2013թ.-ի եթերաշրջանի հաղորդումների վերաբերյալ.

«Հոդված 27. Արտահայտման ազատության իրավունք» հաղորդաշարը մեկնարկեց 2009թ., երբ Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ, սկսեց իրականացնել «Արտահայտման ազատություն» նախագիծը: Մինչ օրս հաղորդումը եթերում է. վերջին՝58–րդ թողարկումը նվիրված էր քաղաքացիակն լրագրություն թեմային:
Հաղորդման բոլոր թողարկումներին կարող եք հետևել մեր Vimeo էջում։ Մեր այս հաղորդաշարը նպատակաուղղված է հեռուստատեսությամբ արտահայտման ազատությանը վերաբերող սուր հարցերի բաց քննարկմանը` արտահայտման ազատության թեմայով տեղական կամ միջազգային արտադրության վավերագրական ֆիլմերի օգնությամբ: Հաղորդաշարի ընթացքում քննարկված թեմաներից են` ազգային անվտանգությունը, հավաքների ազատության եւ տեղեկատվության ազատության իրավունքը, «չխոսկան» հարսները և ժամանակակից արվեստը, պոեզիայի ենթադրյալ ներթափանցումն առօրյա կյանք, ռոքնռոլի դիվանագիտական դերը հայ իրականության մեջ և սեփականության իրավունքի պաշտպանությունը և այլ հարցեր:
 
 
Քննարկվող թեմաների շուրջ տեսակետների լայն շրջանակ ապահովելու համար հաղորդաշարին մասնակցելու են հրավիրվում լրագրողներ, պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ, պրոֆեսորներ և ուսանողներ: Այստեղ հանդես են գալիս ոչ միայն մայրաքաղաքի, այլև Հայաստանի մարզերի բնակիչներն, ովքեր սովորաբար զրկված են հրապարակայնորեն իրենց տեսակետն արտահայտելու հնարավորությունից:Ժամանակի ընթացքում քննարկվող թեմաների շարքն ընդլայնվեց, ներառելով բազմաթիվ հարցեր` հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, հայ-ադրբեջանական հարաբերությունները, երիտասարդական առաջնորդություն և երիտասարդների տեսակետներն այս բոլոր հարցերի շուրջ:
 
Image
ԵՀՀ-ի կոչին արձագանքեց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը: Հաղորդաշարի առաջին թողարկումները վարում էր Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, իսկ 2012թ.–ից ՝ ԵՀՀ տնօրեն Գեվորգ Տեր–Գաբրիելյանը:
2009թ. յուրաքանչյուր թոք շոուին մասնակցում էր 12 հյուր, սակայն 2010թ. ԵՀՀ փոխեց ձևաչափը` հրավիրյալների թիվը սահմանափակելով վեցով: Փոփոխվեց նաև տաղավարի արտաքին տեսքը-դիզայնը`հեռուստադիտողների համար այն ավելի գրավիչ դարձնելու նպատակով:
«Հոդված 27»-ի ձևաչափը ենթադրում է առավելագույնը 5 րոպե տևողությամբ տեսանյութի կամ վավերագրական ֆիլմի ցուցադրություն, որն ուղեկցվում է ևս 30 րոպե տևող քննարկմամբ:
Բոլոր հաղորդումները հեռարձակվում են «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում շաբաթը երկու անգամ, վերջերս`նաև արբանյակային հեռարձակմամբ ինչպես նաև «Համասփյուռ» տարածաշրջանային հեռուստատեսային ցանցի միջոցով Հայաստանի հինգ մարզերում:
AGB Nielsen Media Research ընկերության վարկանիշային տվյալների համաձայն, միայն Երևանում հաղորդաշարը եթերի ընթացքում միջինը 3000 մարդ է դիտում, իսկ որոշ թեմաների դեպքում հեռուստադիտողների թիվը, նորից Երևանում, կարող է հասնել 17 հազարի:
Share |