Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման «բաց դռների» դրամաշնորհային սխեմայով տրամադրված դրամաշնորհներ

«Բաց դռների» մեխանիզմն իրենից ներկայացնում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի մի մաս, որը համատեղ իրականացվում է կազմակերպությունների կոնսորցիումի կողմից, որի կազմում ընդգրկված են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը և Թուրք-հայկական բիզնես զարգացման խորհուրդը: Մեխանիզմը կաջակցի նորարար և (կամ) պիլոտային գաղափարներին, որոնք կոչված են աջակցել Հայաստան-Թուրքիա երկխոսությանը, մեծացնել այդ երկխոսությունում մասնակցող կազմակերպությունների թիվը, ինչպես նաև արծարծել հարցեր, որոնք մինչ այդ դուրս էին մնացել ծրագրի շրջանակից:

2011 թվականի փետրվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը ստացվել են ընդհանուր թվով 27 հայտեր, որոնցից 11-ը ներառվել են կարճ ցանկում: 2011թ. մարտի 12-ին, ապրիլի 29-ին և հունիսի 22-ին Հայաստան-Թուրքիա «բաց դռներով» դրամաշնորհների ծրագրի մրցութային հանձնաժողովի գումարած նիստերում ֆինանսավորման համար հաստատվել են 9 հայտեր: Մի շարք հայտեր դեռևս քննարկման փուլում են:

Ստորև ներկայացվում են հաստատված ծրագրերը և դրանց համառոտ նկարագիրը:

«Հայաստան-Թուրքիա համագործակցությանն աջակցող գործարար կանայք»

«Կանանց ֆորում» ՀԿ-ն, «DOGUNKAD» ասոցիացիայի հետ համատեղ
2012 թ. մայիսի 1-ից օգոստոսի 31-ը (4 ամիս)

Նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական կապերի զարգացմանը` սատարելով անդրսահմանային համագործակցությունը երկու երկրներում կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների միջև: Որպես դրամաշնորհ ստացող կազմակերպություն հանդես եկող «Կանանց ֆորում» ՀԿ-ն, Թուրքիայում իր գործընկեր «DOGUNKAD» ասոցիացիայի հետ համատեղ, պատրաստվում է հարթակ ստեղծել հարևան երկրի հետ համագործակցությամբ հետաքրքրված կին գործարարների, ինչպես նաև Հայաստանում և Թուրքիայում կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների համար: 2012 թվականի հուլիսին տասներկու հայ և թուրք գործարար կանայք կմասնակցեն Թուրքիայում կայանալիք միջձեռնարկատիրական եռօրյա հանդիպմանը` համագործակցության իրատեսական հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով: Ակնկալվում է, որ միջձեռնարտկատիրական այս միջոցառման արդյունքում կկնքվի առնվազն երկու բիզնես համաձայնագիր: Հայաստանում և Թուրքիայում ծրագրի թիմերի կողմից հավաքագրված տեղեկությունները կմուտքագրվեն Հայ և թուրք գործարարների տեղեկատվական և խորհրդատվական կենտրոնի կողմից պահպանվող բիզնես կապերի տվյալների բազայում: Ծրագրի արդյունք կդառնա գործարար կանանց համար նախատեսված տարածաշրջանային ոչ պաշտոնական ցանցի ստեղծումը, ինչպես նաև հիմքերի ձևավորումը Հայաստանում և Թուրքիայում կանանց ղեկավարությամբ գործող ձեռնարկությունների միջև համատեղ բիզնես ծրագրերի զարգացման համար:

«Կայուն լուծումներ. սեմինար հայ և թուրք երիտասարդ բնապահպանների համար»

«21-րդ դարի առաջնորդների ֆորում» ՀԿ-ն, «Երկիր մոլորակ ասոցիացիա»-ի հետ համատեղ
2012 թ. մայիսի 1-ից հուլիսի 31-ը (3 ամիս)

Նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև ընդհանուր բնապահպանական խնդիրների լուծման շուրջ ավելի ակտիվ երկխոսությանը` համապատասխան դաշտի ստեղծման միջոցով ընդլայնելով համագործակցությունը երկու երկրների երիտասարդ բնապահպանների և բնապահպանական հարցերով զբաղվող ՀԿ-ների միջև: Գիտակցելով տարածաշրջանում բնապահպանական սպառնալիքների աճով պայմանավորված ընդհանուր ռիսկերը` Հայաստանում գործող «21-րդ դարի առաջնորդների ֆորում» ՀԿ-ն, Թուրքիայում իր գործընկեր «Երկիր մոլորակ ասոցիացիա»-ի հետ համատեղ, 2012 թվականի մայիսին կկազմակերպի Երևանում եռօրյա սեմինար, որին կմասնակցեն Թուրքիայում և Հայաստանում գործող յոթ տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ և կազմակերպություններ ներկայացնող 14 երիտասարդ բնապահպաններ: Մասնակիցները կքննարկեն ընդհանուր բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված կայուն հաղորդակցության և համագործակցության հեռանկարները և կմշակեն համատեղ քաղաքականության ամփոփագիր, որը կներկայացվի և կտարածվի ազգային և միջազգային մակարդակներով` հիմնական շեշտը դնելով Ռիո+20-ի, ասել է թե` 2012 թ. հունիսի 20-ից 22-ը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված համաժողովի վրա: Սեմինարը կբարձրացնի Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ բնապահպանների` ընդհանուր բնապահպանական խնդիրներին և սպառնալիքներին արձագանքելու համար անհրաժեշտ կարողությունները, ինչպես նաև կնպաստի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման գործընթացին` հաստատելով բնապահպանական գործունեության ոլորտում երկարաժամկետ համագործակցություն:

Հայախոս Համշեն մահմեդականներ

«Ինքնագիր» գրական ակումբը, «Մեկ կյանք» մշակութային և բնապահպանական միության («Biryaşam Kültür ve Ekoloji Derneği») հետ համատեղ
2011թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2012թ. մարտի 31 (6 ամիս)

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև մշակութային օտարացման աստիճանի մեղմացմանը` Թուրքիայում բնակվող մահմեդական Համշեն հայերի ինքնության և մշակույթի հարցերը երկու երկրների լայն հանրությանը ներկայացնելու միջոցով` որպես եզակի էթնիկ միավորի օրինակ, որը պահպանելով հայկական ավանդույթներն ու լեզուն` դավանում է մահմեդականություն: Շնորհառուն` «Ինքնագիր» գրական ակումբը, համագործակցելով իր թուրք գործընկերոջ հետ` «Biryaşam Kültür ve Ekoloji Derneği» («Մեկ կյանք» մշակութային և բնապահպանական միությունը), կկազմակերպի հետազոտական արշավ դեպի Հոպա բնակավայրի 2-3 գյուղեր, որտեղ հիմնականում բնակվում են Համշեն հայերը` այնտեղ Համշենների հետ հարցազրույցներ վերցնելու, նրանց սովորույթների, առօրյա կյանքի, լեզվի, թուրք հասարակությանն ինտեգրված լինելու աստիճանի, ինչպես նաև սոցիալ-տնտեսական և այլ խնդիրների մասին ֆոտո- և տեսանյութեր հավաքելու նպատակով: Որպես ծրագրի մաս` հավաքված տեղեկատվության հիման վրա կգրեն հոդվածներ` հայերեն և թուրքերեն լեզուներով, որոնք կհրապարակվեն Հայաստանի «tert.am» առցանց օրական և «168 zham» շաբաթական կայքերում: Շնորհառուն և նրա թուրք գործընկերը կմշակեն նաև թուրքական լրատվամիջոցներով ծրագրի նյութերի հաղորդումն ապահովելու ռազմավարություն: Նաև, հետազոտական արշավի արդյունքները կներկայացվեն Երևանի «Պեչա-քուչա» ձևաչափի երեկոին (PechaKucha Night): Ի վերջո` նյութերը կհրապարակվեն հատուկ վեբ կայքում և կոմպակտ սկավառակներով (CD) կբաժանվեն ավելի լայն հանրությանը: Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում Հայաստանի և Թուրքիայի բնակչության շրջանում կբարձրանա Թուրքիայում բնակվող Համշեն հայերի համայնքի կենսակերպի և մտահոգությունների մասին իրազեկվածության մակարդակը:

Հայ և թուրք ձեռնարկատերերի տեղեկատվական և աջակցության կենտրոն

«Նարեկավանք Տուր» ՍՊԸ
2011թ. օգոստոսի 1 – 2012թ. մարտի 31 (8 ամիս)

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի և արևելյան Թուրքիայի միջև առևտրի և բիզնեսի զարգացմանը` երկու երկրների նախապես ընտրված ոլորտներում գործարար հնարավորությունների ներուժի մասին հայ և թուրք գործարարների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև հայ և թուրք գործարարների միջև բիզնես համագործակցության տնտեսապես իրագործելի մոդելները խթանելու միջոցով: Որպես ծրագրի մաս` շնորհառուն` «Նարեկավանք Տուր» ՍՊԸ-ը, Երևանում կստեղծի տեղեկատվական և խորհրդատվական կենտրոն, որը «մեկ պատուհանի» սկզբունքով տեղեկատվություն կտրամադրի միմյանց հետ համագործակցելու գործում հետաքրքրված հայ և թուրք ձեռնարկատերերին: Կենտրոնը կտրամադրի հաճախորդների (ձեռնարկատերեր և ընկերություններ) կարիքներին համապատասխանեցված աջակցություն` երկու երկրների բիզնես համայնքների միջև գործարար համագործակցությունների հնարավորություններն ուսումնասիրելու միջոցով, ինչպես նաև կիրականացնի Հայաստանի և արևելյան Թուրքիայի թիրախային շրջանների (օրինակ` Կարս, Վան, Մուշ, Ադանա, Անթակիա, Էրզրում, Դիարբեքիր, ինչպես նաև Ստամբուլ) միջև տնտեսական հնարավորությունների նպատակային ուսումնասիրություն: Կենտրոնը կունենա նաև վեբ կայք, որտեղ կներկայացվեն տեղեկություններ ընկերությունների գործունեության, հայ և թուրք բիզնեսների միջև գործարար համագործացկության իրավական ասպեկտների մասին: Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում կբարձրանա հայ և թուրք գործարաների միջև բիզնես հնարավորությունների մասին իրազեկվածության մակարդակը, որը կնպաստի անվստահության առկա մակարդակների կրճատմանը և կխթանի հարևան երկրի հետ բիզնես գործընկերություններ ստեղծելու երկու երկրների շահագրգիռ կողմերի պատրաստակամությունը:

Շրջակա միջավայրի կայուն զարգացմանը նվիրված սեմինար ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառների թուրք և հայ երիտասարդ ուսանողների / մասնագետների համար

«Քաղաքացիական ֆորում» ՀԿ-ն, «Յիլդիզ» տեխնիկական համալսարանի հետ համատեղ
2011թ. դեկտեմբերի 1 –2012թ. փետրվարի 29 (3 ամիս)

Նպաստել Հայաստանի և Թուրքիայի ակադեմիական և մասնագիտական շրջանակներում հաղորդակցման, ցանցային աշխատանքների և փորձի փոխանակման խթանմանը` շրջակա միջավայրի կայուն զարգացմանը նպաստող ճարտարապետական և քաղաքաշինության լուծումներով և նախագծերով հետաքրքրված երկու երկրների ուսանողների, երիտասարդ մասնագետների և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների միջև ցանցերի ստեղծման միջոցով: Շնորհառուն` «Քաղաքացիական ֆորում» ՀԿ-ն` Թուրքիայի «Յիլդիզ» տեխնիկական համալսարանի հետ համատեղ, կկազմակերպեն կառուցապատվող տարածքներում շրջակա միջավայրի կայուն պահպանության հետ կապված մարտահրավերները թեմայով սեմինար: Ստաբուլում նախատեսվող հնգօրյա սեմինարին կմասնակցեն էներգիայի օգտագործման արդյունավետության ոլորտի 20 երիտասարդ մասնագետներ: Էներգաարդյունավետ ճարտարապետության հարցերի շուրջ ելույթներով հանդես կգան հրավիրված փորձագետներ Հայաստանից և Թուրքիայից: Սեմինարը կնպաստի երիտասարդ մասնագետների միջև ցանցային աշխատանքների, գիտելիքների և փորձի փոխանակմանը, ինչպես նաև նրանց միջև համագործակցության խթանմանը` համատեղ ծրագրերի մշակման միջոցով: Մասնակիցները հնարավորություն կունենան այցելելու ընկերություններ և էներգետիկ խնդիրներով զբաղվող գիտահետազոտական կենտրոններ` համատեղ ծրագրերին առնչվող խնդիրներ և գաղափարներ բացահայտելու նպատակով: Որպես սեմինարի մի մաս` նախատեսվում է նաև հրապարակել համահեղինակային հոդվածներ և էլեկտրոնային բյուլետեններ, ինչպես նաև կազմակերպել հրապարակային շնորհանդեսներ Հայաստանի և Թուրքիայի համապատասխան ԲՈՒՀ-երում և ճարտարապետների մասնագիտական միություններում: Մասնակիցների միջև ստեղծված կապերը և հաղորդակցությունն այնուհետև կընդլայնվի առցանց ֆորում ձևաչափով, որի խնդիրը կլինի պահպանել, զարգացնել և ընդլայնել սեմինարի ընթացքում նախաձեռնված քննարկման շրջանակը: Անկալվում է, որ ծրագրի արդյունքում կստեղծվի շրջակա միջավայրի կայուն զարգացման և կառուցապատվող տարածքներում բնական միջավայրի պահպանության հարցերով հետաքրքրված երկու երկրների մասնագետների համագործակցության ոչ պաշտոնական ցանց:

Շիրակ ԷՔՍՊՈ 2011. Կանայք որպես տնտեսական զարգացման առաջատարներ

Շիրակի մրցունակության կենտրոն հիմնադրամ
2011թ. նոյեմբերի 15 – 2012թ. փետրվարի 29 (3 ամիս)

Նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական կապերի զարգացմանը` երկու երկրներում կանանց կողմից ղեկավարող բիզնեսների միջև համագործակցությանն աջակցելու միջոցով: Շնորհառուն` Շիրակի մրցունակության կենտրոն հիմնադրամը, կկազմակերպի տարեկան անցկացվող Շիրակ ԷՔՍՊՈ ցուցահանդեսը, որը կհյուրընկալի Թուրքիայի գործարար կանանց մի խումբ և կկենտրոնանա տնտեսական զարգացման գործում կանանց դերի վրա: 2011թ. նոյեմբերի 24-ից 25-ը Գյումրիում անցկացվող ԷՔՍՊՈ ցուցահանդեսին կմասնակցեն մոտ 50 հայ և 10 թուրք գործարար կանայք: Առաջին օրվա օրակարգը կներառի սննդամթերքի, շինանյութերի, տեքստիլ արդյունաբերության արտադրանքների և ծառայությունների ցուցահանդես: Միջոցառման երկրորդ օրվա ընթացքում մասնակիցները ֆորումի ձևաչափում կքննարկեն թեմաների լայն շրջանակ` ներառյալ Հայաստանի և Թուրքիայի տնտեսության ընդհանուր նկարագիրը, կանանց դերը և ներգրավվածությունը բիզնեսում, ինչպես նաև Հայաստանում և Թուրքիայում արտադրության և ծառայությունների հատվածներում առկա ներդրումային ռիսկերն ու հնարավորությունները: Անկնալվում է, որ ծրագրի արդյունքում կստեղծվի գործարար կանանց ոչ պաշտոնական տարածաշրջանային ցանց, ինչպես նաև հիմք կդրվի երկու երկրներում կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների միջև համատեղ գործարար ծրագրերի մշակման համար:

Գյումրի-Կարս տնտեսական համաժողով

«Գյումրու զարգացման հիմնադրամ» ՀԿ-ն, «Միջազգային տագնապ»-ի հետ համատեղ
2011թ. օգոստոսի 1 – նոյեմբերի 30 (4 ամիս)

Ծրագրի նպատակն է տարածաշրջանային գործարար համաժողովի ստեղծման միջոցով աջակցել Հայաստանի և արևելյան Թուրքիայի միջև առևտրի և բիզնեսի զարգացմանը` ստեղծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման, պայմանագրերի կնքման և գործարար համագործակցությունների հաստատման հնարավորություններ:

Որպես ծրագրի մաս` շնորհառուն` «Գյումրու զարգացման հիմնադրամ» ՀԿ-ը, կզարգացնի նախկինում ձեռք բերված փորձը և 2011թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կկազմակերպի Գյումրի-Կարս տնտեսական երկրորդ համաժողովը Կարսում (Թուրքիա): Համաժողովին կմասնակցեն մոտավորապես 40 հայ և թուրք գործարարներ, տարածաշրջանային փորձագետներ, որոնք կքննարկեն համատեղ գործարար ծրագրերի մշակման և իրականացման հեռանկարները, մասանավորապես` Հայաստան-Թուրքիա տնտեսական հարաբերությունների շրջանակում: Համաժողովը կտևի 3 օր, որի ընթացքում կքննարկվի հարցերի լայն շրջանակ, ինչպիսիք են, օրինակ` Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը և տնտեսական օգուտները տարածաշրջանի համար, Հարավային Կովկասի ընդհանուր տնտեսական շուկան, կովկասյան ապրանքանշանները` որպես խաղաղության կառուցման գործիքներ, ինչպես նաև մի շարք հատուկ թեմաներ` ներառյալ կաթի վերամշակման, մեղվաբուծության, մեղրի արտադրության, բուժական խոտաբույսերի, կովկասյան թեյատեսակների և համատեղ այլ արտադրությունների ստեղծման հեռանկարներ: Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում կընդլայնվեն սննդի արտադրության և վերամշակման ոլորտում ներգրավված Հայաստանի և Թուրքիայի ձեռնարկատերերի ու ընկերությունների միջև համագործակցության և համատեղ գործարար ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային ֆառատոն

«Կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամ երեխաների և պատանիների համար» հիմնադրամը, «Անադոլու Քյուլթուր»-ի հետ համատեղ
2011թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31 (3 ամիս)

Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև մշակութային երկխոսությունը` հայ և թուրք պատանիների ու երիտասարդների, ինչպես նաև կինոարտադրողների միջև մասնագիտական փորձի փոխանակումների և երկկողմ ծրագրերի իրականացման միջոցով: 2011թ-ի հոկտեմբերին Երևանում կայանալիք մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային ֆառատոնի շրջանակում, շնորհառուն` Ռոլան Բիկովի անվան «Կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամ երեխաների և պատանիների համար» հիմնադրամը` «Անադոլու Քյուլթուր» թուրքական գործընկերոջ համագործակցությամբ, մոտավորապես 10 հայ և թուրք երիտասարդներ ընդգրկող ընտրված խմբի համար կկազմակերպի անիմացիոն արտադրության տեխնիկան և մշակույթը թեմայով սեմինար-դասընթաց: Որպես սեմինար-դասընթացի մի մաս` մասնակիցները համատեղ կնկարահանեն կարճամետրաժ ֆիլմ, որի առաջին ցուցադրությունը կկայանա Հայաստանում` փառատոնի փակման արարողության ընթացքում: Կազմակերպվի նաև «կլոր սեղան» ձևաչափով քննարկում, որը կկենտրոնանա փառատոնի մասնակիցների միջև փորձի փոխանակման հարցերի շուրջ և կներկայացնի փառատոնի շրջանակներում Թուրքիայում իրականացված արվեստի և մշակույթի վերջին նախաձեռնությունները: Փառատոնի ընթացքում կցուցադրվեն նաև թուրքական արտադրության 4-5 ֆիլմեր` երեխաներին և երիտասարդներին առնչվող թեմատիկայով: Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում փոխադարձ կապեր կստեղծվեն Հայաստանի և Թուրքիայի պատանիների, երիտասարդների, ինչպես նաև կինոարտադրողների միջև` նպաստելով անկախ ֆիլմերի նկարահանման նրանց հմտությունների բարելավմանը: Ծրագիրը և դրա հետագա գործունեությունը Թուրքիայում նույնպես կնպաստեն Հայաստանի և Թուրքիայի ներգրավված համայնքների շրջանում մյուս կողմի հումանիստական իմիջի ամրապնդմանը:

«ԱՎՏՈԲՈՒՍ» | Շարժական լրատվության ծրագիր

«Անկախ լրագրողների ցանց» ՀԿ-ն, «IMC» հեռուստաընկերության հետ համատեղ
2011թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31 (3 ամիս)

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միմյանց մասին իրազեկ լինելու մակարդակի բարձրացմանը` փակ սահմանի արդյունքում ծագող սոցիալական բարդությունների ցուցադրման միջոցով: Որպես ծրագրի մի մաս` շնորհառուն` «Անկախ լրագրողների ցանց» ՀԿ-ը, կարձանագրի Երևան-Ստանբուլ 36-ժամյա ճամփորդության ընթացքում հայ միգրանտներին դիմակայող խնդիրները: Շնորհառու կազմակերպությունը կստեղծի բլոգ, որտեղ կներկայացվեն հետազոտվող հայ միգրանտների տեսակետները, տպավորություններն ու փորձը: Բլոգում տեղադրված նյութերը կհրապարակվեն նաև Ստամբուլում լույս տեսնող ԱԳՈՍ թերթում: Առավել լայն հանրային իրազեկում ապահովելու նպատակով` հավաքված նյութերի հիման վրա կնկարահանվի նաև վավերագրական ֆիլմ: Ֆիլմը կհեռարձակվի Թուրքիայի «IMC» և Հայաստանի «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների ալիքներով: Հայաստանում և Թուրքիայում շնորհառուն կկազմակերպի նաև խմբային կինոդիտումներ փոքր դահլիճներում` քաղաքացիական հասարակության, պետական ոլորտի, լրատվամիջոցների և փորձագետների համայքները ներկայացնող շահագրգիռ փոքր խմբերի համար: Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում կբարձրանա իրազեկվածության մակարդակը հասարակ մարդկանց և երկու երկրների շահագրգիռ խմբերի շրջանում` նրանց տեղեկացնելով այն դժվարությունների և մարտահրավերների մասին, որոնք դիմակայում են հայ միգրանտներին Թուրքիա կատարած ճամփորդության ընթացքում, ինչպես նաև կխթանի փակված սահմանի արդյունքում ծագող բարդությունների շուրջ հետագա հանրային քննարկումները:

Share |