ԵՀՀ տարեմուտի երեկոն. «ՓեչաՔուչա 20x20»

կամ ինչն է միավորում ճապոնական դիզայնը և Մարտունու տոլման

www.pecha-kucha.org
www.pecha-kucha.org

Արագացումը վերջին տասնամյակներում մեր աշխարհի զարգացման հիմնական միտումներից է: Արագանում և խտացվում է ամեն ինչ` ժամանակը, տարածությունը, ինֆորմացիայի ընկալումն ու հաղորդումը: Այս ֆենոմենը փորձում են բացատրել թե՛ Սերգեյ Կապիցայի «Պատմական ժամանակի արագացման մասին» տեսությունը, թե՛ Մեծ հադրոնային բախիչը և թե՛ հազար ու մի այլ՝ լուրջ և ոչ այնքան լուրջ տեսություններ ու հետազոտություններ:

Դե, մենք էլ այս աշխարհի մասնիկն ենք, և արագացումը, թեպետ ուշացումով և նվազագույն ներդրումներ պահանջող եղանակներով, հասնում է նաև մեզ: Եվ ահա 2003-ին Տոկիոյում ճարտարապետա-դիզայներական մի ընկերության ստեղծած ՓեչաՔուչա ձևաչափը, որի նպատակը նույնպես, ըստ էության, խտացումն ու արագացումն է, հայտնվել է նաև Երևանում:

Հանրային հաղորդակցման այս ձևաչափի հիմքում ընկած է սեղմ ժամանակում (6 րոպե 40 վայրկյան) կոնկրետ գաղափարի ներկայացումը պատկերաշարի միջոցով, որն ուղեկցվում է պարզ բլբլոցով կամ ասել-խոսելով (հենց այսպես է ճապոներենից թարգմանվում «ՓեչաՔուչա»-ն): Ներկայացումն արվում է «20 պատկեր՝ 20-ական վայրկյան» ձեւաչափով, այդ պատճառով էլ միջոցառումը պաշտոնապես կոչվում է «ՓեչաՔուչա 20x20» (չշփոթել «Հայաստան 2020» նախաձեռնության հետJ): Երևանում «ՓեչաՔուչա 20x20»-ի անցկացման արտոնագիրը պատկանում է Վահե Բալուլյանին: Հավանելով «ՓեչաՔուչա Երեւան»-ի ֆեյսբուքյան էջը՝ տեղեկացված կլինեք սպասվող բոլոր միջոցառումների մասին:

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) արագացնելու և խտացնելու հատուկ շնորհք ունի: Հապա էլ ինչո՞վ կբացատրեք այն փաստը, որ ծրագրային ընդամենը 8 մենեջերներ միաժամանակ համակարգում են մի քանի տասնյակ դրամաշնորհային նախագծեր, իրականացնում սեփական ծավալուն ծրագրեր ու հետազոտություններ, կատարում վարչարարական և ֆինանսական պարտականություններ, և այդ ամենը՝ օրական 8 աշխատանքային ժամվա ընթացքում: Պատահական չէ, որ մեր աշխատակիցները ՓեչաՔուչայի ձեւաչափն ընկալեցին ու սիրեցին միանգամից: Հյուրի և ունկնդրի կարգավիճակով մի քանի ՓեչաՔուչաների մասնակցելուց հետո որոշեցինք փորձել մեզ «կազմակերպչի» դերում:

 Նախ՝ Թուրքիայում մեր գործընկեր կազմակերպության միջոցով ծանոթացանք Ստամբուլում ՓեչաՔուչայի կազմակերպիչների հետ և նրանց հրավիրեցինք Երևան՝ մասնակցելու հայ-թուրքական համատեղ «ՓեչաՔուչա 20x20»-ին: Թե ինչ ստացվեց՝ դիտեք այստեղ.

Այս հաջողությամբ ոգևորված՝ որոշեցինք ԵՀՀ տարեմուտի երեկոն ևս «արագացնել» և դեկտեմբերի 21-ին այն անցկացնել «Ակումբ» սրճարանում, ՓեչաՔուչայի ձեւաչափով`հրավիրելով մեր սիրելի գործընկերներին, դրամաշնորհառուներին, դոնորներին և պարզապես ընկերներին: Այդ երեկո փոքր, բայց հյուրընկալ «Ակումբը» կարողացավ ընդունել մոտ 80 եվրասիական ընկերների:

Մարինա Այվազյան: Լուսանկարը Աննա Մուրադյանի
Մարինա Այվազյան: Լուսանկարը Աննա Մուրադյանի

Ծրագրում`«Լրատվության այլընտրանքային միջոցներ», «Բաց դռներ» և «Արտահայտման ազատություն» ծրագրերի շրաջանակներում իրականացված նախագծերի ներկայացում, քննարկում և իհարկե՝ շփում: Երեկոն վարում էր ԵՀՀ վետերան, անզուգական Մարինա Այվազյանը:

Թեև հավաքույթի  ինչպես առիթը, այնպես էլ ձեւաչափը տրամադրում են տոնական և ուրախ ժամանցի, սակայն Հայաստանի իրականությունը եւ հետևաբար՝ ԵՀՀ կողմից ֆինանսավորվող ծրագրերը միշտ չէ, որ «թեթև» և «ուրախ» են: «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի, «Հետք» ինտերնետային թերթի,  «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ներկայացրած ծրագրերը սուր սոցիալական բնույթ ունեն: Դրանք փաստում են, որ Հայաստանում աղքատությունը, քաղաքացիների սոցիալական անպաշտպանությունը և զինված ուժերում կամայականությունները բավական մեծ մասշտաբի են հասել: Այս ամենին մեր գործընկերները հակադրում են բարեգործությունը, լրագրողական և մարդկային խիզախությունը, դեպքերի անաչառ հրապարակայնացումը:

 

Լուսանկարը hetq.am
Լուսանկարը hetq.am

Տպավորիչ են նաև ԵՀՀ «Արտահայտման ազատություն» նախագծի շրջանակներում կատարված հետազոտությունները հայ գրականության մեջ ժողովրդավարության և մարդու իրավունքների թեմաների վերաբերյալ: 1878 թվականին Պոլսում ծնված և 1943-ին Սիբիրի աքսորավայրում մահացած արձակագիր Զապել Եսայանի կյանքն ու ստեղծագործությունը հարուստ են և դրամատիկ: Սեդա Մավյանի ներկայացումը իր հերոսուհու ստեղծագործության պես զգայական էր և խիզախ:

1946-48 թվականների հայրենադարձությանն է նվիրված «Դարձ ի շրջանս յուր» նախագիծը, որն իրականացնում են «Վերսուս» ստուդիան և Տիգրան Պասկևիչյանը: «Հայրենադարձությունը քիչ ուսումնասիրված մի երևույթ է, որին անհնարին է անդրադառնալ մեկ նախագծի շրջանակներում,- ասաց Տիգրան Պասկևիչյանը:- Սակայն ԵՀՀ այս դրամաշնորհի շնորհիվ մենք սկսեցինք մեծ աշխատանք, որը շարունակելու ենք բոլոր հնարավոր միջոցներով»: Նախագծին կարող եք ծանոթանալ http://www.hayrenadardz.org/ կայքում:

...հասանելի են բոլորը, պետք է փնտրել
...հասանելի են բոլորը, պետք է փնտրել

Եղան նաև ուրախ ներկայացումներ: ԱրմՔոմեդի նախագիծը ներկայացնող Սերգեյը և Նարեկը պատմեցին իրենց կայքի ուշագրավ զարգացումների մասին, ասենք՝ թե ինչպես է իրենց կատակերգային ներկայացումը որպես իրական լուր հայտնվել հայկական հեռուստաալիքներից մեկի եթերում: Նրանք նաև նշեցին, որ այս ծրագրի արդյունքում հասկացել են, թե որտեղ է «անվտանգության եզրը»: «Անվտանգության եզր» ասելով՝ Նարեկն ու Սերգեյը նկատի ունեն «ծեծվելու» վտանգի սահմանը:

Երեկոն ավարտվեց «Մարտունու կանանց խորհրդի» պատրաստած ներկայացմամբ: Անահիտ Գևորգյանը պատմեց Մարտունու տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման իր ծրագրի մասին: Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ծանոթացավ ավանդական ճաշատեսականիին և հատկապես՝ «կանեփով տոլմա» ուտեստին:

Կանեփով տոլմա
Կանեփով տոլմա

Ներկայացվեց 14 նախագիծ, որոնք ԵՀՀ կողմից ֆինանսավորված և իրականացվող ծրագրերի մի փոքր մասն են: Թեպետ դրանք բազմազան են ու բազմոլորտ, այդուհանդերձ կան հատկանիշներ ու արժեքներ, որ հատուկ են մեր բոլոր նախագծերին: Նախ և առաջ՝ նախագծերն իրականացվում են իրենց գործին նվիրյալ, խիզախ և անկեղծ պրոֆեսիոնալների կողմից: Բոլոր նախագծերի հիմքում ընկած է անհատը` ՀՀ քաղաքացին, և նրա ձգտումը արժանապատվորեն ապրել ազատ և ժողովրդավարական երկրում: 

 «Սա մեր վերջին ՓեչաՔուչան չէ, - վստահեցնում է ԵՀՀ փոխտնօրեն Վազգեն Կարապետյանը. - մենք մեծ հաճույք ստացանք այս երեկոյից, մեր կոլեգաների և ընկերների հետ շփումից: Կարծում եմ, որ ևս մեկ ՓեչաՔուչա տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին՝ մեր անգլախոս կոլեգաների համար.... Նաև լավ կլիներ ներկայացնել մեր երիտասարդական նախաձեռնությունները, կատարված հետազոտությունները, այլ հետաքրքիր ծրագրեր»:

ՓեչաՔուչայի պաշտոնական մասին հաջորդեց ընդունելությունը, որի ընթացքում մասնակիցներն անմիջական շփման և կարծիքներ փոխանակելու հնարավորություն ստացան: Որոշ լուսանկարներ կարող եք դիտել այստեղ.

Pecha Kucha 20X20, EPF Armenia !! from eurasiaam on Vimeo.

Անկասկած, ԵՀՀ-ն արագացնելու և ներկայացնելու դեռ մեծ ծավալի նյութ ունի: Շատ-շատ են այն մարդիկ, ում հետ կցանկանայինք կիսել մեր փորձը, գաղափարները, իղձերը: Այնպես որ՝ մինչ հանդիպում... Եվ իհարկե՝

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ...

Image
Share |