

Երիտասարդների ավելի քան մեկ երրորդն ապրում է գյուղական համայնքներում: ՀՀ մշակույթի նախարարության կողմից անցկացված հետազոտության համաձայն, գյուղական համայնքներում բնակվող երիտասարդների հիմնախնդիրներն են մասնագիտական կրթություն ստանալը եւ զբաղվածությունը, ինչպես նաեւ մշակութային միջոցառումների բացակայությունը: Սոցիալ-տնտեսական դժվարությունները խոչընդոտում են երիտասարդների ակտիվ մասնակցությունը գյուղական համայնքների զարգացման գործում: Գյուղական համայնքների երիտասարդների գործնական հմտությունները եւ համայնքների զարգացման գործում ղեկավար դերեր ստանձնելու կարողությունները զարգացնելու նպատակով Եվրասիա համագործակցություն հիմնադրամը Հյուսիսային Իռլանդիայի համայնքային հիմնադրամի (CFNI) հետ համատեղ իրականացնում է “Երիտասարդական բանկ” ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է զարգացնել երիտասարդների մոտ առաջնորդության, որոշումներ կայացնելու եւ վերլուծական մտածելակերպի հմտություններ` ի շահ համայնքի խնդիրների լուծման:
2007 թ. հունիս ամսին Եվրասիա համագործակցություն հիմնադրամը մեկնարկեց “Երիտասարդական բանկ” ծրագիրը եւ Հայաստանի գյուղական համայնքներում ձեւավորեց հինգ երիտասարդական բանկ-կոմիտեներ: Յուրաքանչյուր կոմիտեին անդամակցում են գյուղական համայնքներում բնակվող 16-24 տարեկան 5-7 երիտասարդներ: Երիտասարդների ընտրության հարցում հաշվի առնվեցին երիտասարդների` թիմային եւ կամավորական աշխատանքի կարողությունները: Երիտասարդների ընտրությունից հետո Հյուսիսային Իռլանդիայի համայնքային հիմնադրամի մասնագետներն անցկացրեցին քառօրյա աշխատանքային հանդիպումներ` նվիրվաած երիտասարդական բանկի աշխատանքների կազմակերպմանը: Հանդիպման ավարտից հետո երիտասարդական բանկերի անդամներն անցկացրեցին համայնքի կարիքների գնահատում: Գնահատման արդյունքների հիման վրա մշակվել են դրամաշնորհային ծրագրեր` ուղղված երիտասարդների միջոցով համայնքի խնդիրների լուծմանը: Մրցութային կարգով ծրագրերն ընտրելուց հետո երիտասարդական բանկերն անցկացնելու են ծրագրերի մոնիտորինգ: Այս գործողությունների եւ լրացուցիչ այլ դասընթացների միջոցով երիտասարդական բանկերը ձեռք են բերում գործնական գիտելիքներ թափանցիկ կառավարման վերաբերյալ` հետագայում իրենց աշխատավայրերում կամ համայնքներում կիրառելու նպատակով:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը խթանելու է երիտասարդական բանկերի միջեւ համագործակցության ցանցի ստեղծումը: Այն հնարավորություն կտա իրականացնելու տեղեկատվության ու փորձի փոխանակում ծրագրի մասնակիցների միջեւ: Հիմնադրամը նախատեսում է ստեղծել օնլայն համակարգ` երիտասարդական բանկերի միջեւ հաղորդակցությունն ապահովելու համար: Դասընթացների միջոցով կամրապնդվի նաեւ ցանցի անդամների միջեւ կապը: Կկազմակերպվի նաեւ համաժողով` նվիրված “Երիտասարդական բանկ” ծրագրի աշխատանքներին: Երիտասարդության հարցերով զբաղվող այլ կազմակերպություններ կհրավիրվեն մասնակցելու ծրագրի կայուն զարգացմանն ուղղված աշխատանքներին: Ապագայում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հնարավորություն կընձեռի Հայաստանի երիտասարդական բանկերին իրականացնելու տեղեկատվության եւ փորձի փոխանակման աշխատանքներ Վրաստանի, Ադրբեջանի, ինչպես նաեւ օտարերկրյա այլ երիտասարդական բանկերի անդամների հետ:

